ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ«ՎԱՏ ՔԵՌԻՆԵՐԸ»

ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ«ՎԱՏ ՔԵՌԻՆԵՐԸ»
30.11.2010 | 00:00

«Կասպիականում դարձյալ արյան հոտ է փչում»։ Այս խոսքերն առաջին անգամ արտաբերել է արդեն հանգուցյալ Թուրքմենբաշին հանգուցյալ Հեյդար Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ ՈՒ թեև դրանից հետո շատ ջրեր են հոսել, իսկ մերձկասպյան պետությունների բոլոր ղեկավարներն այժմ անդադար կրկնում են Ահմադինեժադի «Կասպիականը խաղաղության, բարեկամության և համագործակցության ծով է» բանաձևը, այդուհանդերձ, այսօր էլ ավելորդ չէ հիշել այդ ոչ հեռու անցյալի մարգարեությունը։ Համենայն դեպս, բոլոր գեղեցիկ և գունեղ ճառերի, բարյացակամ ժպիտների և արևելյան բաժակաճառերի հետևում թաքնվում են չլուծված, իսկ հնարավոր է նաև անլուծելի բազմաթիվ հարցեր։ Առավել ևս, որ դրանք անմիջականորեն կապված են ոչ միայն պետությունների հավակնությունների, այլև մեծ փողերի հետ։ Իսկ դա, համաձայնեք, մեր ժամանակներում շատ բան է որոշում։ Այսպես, նոյեմբերի 18-ին Բաքվում անցկացվեց մերձկասպյան պետությունների երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարները։ Նախագահները քննարկեցին մի շարք կարևոր հարցեր` անդրկասպյան խողովակաշարի կառուցումից, որի դեմ հանդես են գալիս Ռուսաստանն ու Իրանը, մինչև թառափատեսակների որսի վրա հնարավոր հնգամյա արգելք մտցնելու մեխանիզմների նախապատրաստումը, սակայն ամենակարևորը, ինչպես բոլոր նախորդ հանդիպումների ժամանակ, Կասպիականի միջազգային իրավական կարգավիճակի սահմանման հարցն էր։
Մինչև այժմ Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանված է խորհրդա-իրանական պայմանագրերով և 1921-1940 թթ. ընդունված կոնվենցիաներով, որոնց համապատասխան ԽՍՀՄ-ն ու Իրանը ձևականորեն չէին սահմանազատում Կասպիականի ջրերն ու հատակը, սահմանելով միայն առափնյա 10-մղոնանոց ազգային ձկնորսական գոտիները։ Երկու մերձկասպյան երկրների նավերին թույլատրվում էր լողալ ամբողջ ծովում, սակայն Կասպիականում այլ երկրների նավերի առկայությունն արգելվում էր։ Կասպից ծովն այդպիսով ներփակ «խորհրդա-իրանական ծովի» հատուկ կարգավիճակ ուներ, որը համատեղ օգտագործում էին երկու երկրները։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կասպյան ավազանում գոյացած նոր պետություններն սկսեցին պահանջել, որ նոր պայմանագիր կնքվի արդեն մերձկասպյան հինգ երկրների միջև, և դրա հետ էլ ծագեցին ներկայումս անլուծելի դժվարությունները։ Բանն այն է, որ Կասպիականի հատակին գտնվում են նավթի ու գազի հանքաշերտեր, և երկրներից յուրաքանչյուրում առաջացել են ազգային ու տնտեսական շահեր, որոնք կարող են չհամընկնել հարևանների շահերի հետ։ Բացի այդ, նոր գազամուղները, մասնավորապես չարագուշակ «Նաբուկոն», պետք է անցնեն ծովի հատակով, իսկ դա ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի սրտով չէ։ Այդ երկու երկրներին միանգամայն ձեռնտու էին գոյություն ունեցող պայմանավորվածությունները, և նրանք, համենայն դեպս, մինչև վերջերս առաջարկում էին դրանց հիման վրա նոր պայմանագիր կազմել։ Միևնույն ժամանակ, Ղազախստանն ու Ադրբեջանն առաջարկում էին բաժանել ամբողջ ջրային տարածքը` տնտեսական գոտիներ հատկացնելով յուրաքանչյուր սուբյեկտի, ինչը նրանց հնարավորություն կընձեռեր առանց խնդիրների զբաղվելու նավթի ու գազի հետախուզմամբ և արդյունահանմամբ։
Այս համատեքստում անչափ հետաքրքիր և ակներևաբար ոչ պատահական տեղեկություն էր հայտնվել գագաթնաժողովի նախօրեին Իրանի Tabnak կայքում։ Այն պատկանում է Իսլամական հեղափոխության պահապանների զորախմբի նախկին ղեկավար և տակավին օրախնդիր հարցերով զբաղվող քաղաքական գործիչ Մոհսին Ռըզայիին։ «Մերձկասպյան բոլոր երկրները թշնամաբար են տրամադրված Իրանի դեմ։ Իրանի և ԽՍՀՄ-ի միջև 1921 և 1940 թվականներին կնքված համաձայնագրերով այդ ծովի կեսը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ համաձայնագրերը չպետք է փոխվեն։ Եթե առափնյա երկրները չճանաչեն այդ համաձայնագրերը, ապա Իրանը պետք է տարածքային պահանջներ ներկայացնի Ադրբեջանին` անտեսելով Թուրքմենչայի և Գյուլիստանի հաշտության պայմանագրերը»։ Կասպյան անդորրը պակաս չափով չի խռովում այժմ նաև Թուրքմենստանը։ Նրան հարկավոր է, արագ շրջանցելով Ռուսաստանը, իր գլխավոր և, փաստորեն, միակ ակտիվով` գազով, դուրս գալ եվրոպական ձեռնտու շուկաներ։ Իսկ դա առայժմ անել հնարավոր է (Արևմուտքի հետ Իրանի ունեցած խնդիրների պատճառով) միայն Կասպից ծովի հատակով և այնուհետև Ադրբեջանի տարածքով։ Մինչդեռ, օրինականության շրջանակներում Աշգաբադին դա խանգարում է անել ծովի կարգավիճակի անորոշությունը։ Այդ իսկ պատճառով Բաքվի հանդիպումից մի քանի օր առաջ նախագահ Բերդիմուհամեդովն առաջարկել էր մի համադրույթ, որը թույլ կտար Կասպից ծովի հատակով ձեռնամուխ լինել խողովակաշարեր գցելուն, եթե դրա համար ստացվեր ոչ թե բոլոր, այլ երկու մերձկասպյան երկրների համաձայնությունը։ Այդ նույն դիրքորոշումը նա հնչեցրեց նաև գագաթնաժողովում, այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Իրանը տակավին մնում են այն կարծիքին, որ ցանկացած անդրազգային ծովային խողովակաշարի կառուցմանը պետք է համաձայնություն տան բոլոր հինգ մերձկասպյան երկրները։ Այդպիսով, նրանց կարծիքով, այդ պետություններից յուրաքանչյուրը պետք է իրավունք ունենա վետո դնելու անդրկասպյան խողովակաշարերի կառուցման վրա։ Նկատենք, որ Բաքվում Մեդվեդևը երկկողմ հանդիպումներ անցկացրեց պետությունների բոլոր ղեկավարների հետ, բացառությամբ Թուրքմենստանի ղեկավարի (եղած տեղեկության համաձայն, հոկտեմբերի վերջերին Աշգաբադում տեղի ունեցած նրանց վերջին հանդիպումն այնքան էլ լավ չէր անցել)։ Անչափ հատկանշական է նաև այն, որ Բաքվի գագաթնաժողովին զուգահեռ Աշգաբադը կազմակերպեց նավթի, գազի թեմային նվիրված միջազգային խորհրդաժողով, որի ժամանակ հայտարարվեց, որ երկիրը հնգամյա ժամկետում հնարավորություն կունենա արևմտյան երկրներ արտահանելու տարեկան մինչև 40 մլրդ խմ գազ։ Ինքնին հասկանալի է` եթե դրան չխանգարեն գազի գլխին «նստած վատ քեռիները»։ Ակնարկը, ինչպես և գլխավոր հասցեատերը ռուսների կողմից ընկալվեցին միանգամայն միանշանակորեն, և, գործելով հակազդման սովորական ոճով, Ռուսաստանի նախագահը Բաքվում ունեցած իր ելույթում հաստատեց Մոսկվայի ձգտումը` նվազեցնելու արևմտյան ազդեցությունը մերձկասպյան տարածաշրջանում։ Ընդ որում, նրա այն խոսքերը` «Եթե մենք ինչ-որ պահի թուլացնենք փոխգործակցությունը, կարող եք չկասկածել, որ մեր հարցերով կցանկանան զբաղվել այլ պետություններ, որոնք ոչ մի առնչություն չունեն Կասպիականի հետ, բայց որոնց համար հետաքրքիր է այստեղ հայտնվելը սեփական տնտեսական, ինչու չէ, նաև քաղաքական խնդիրները լուծելու համար», ակներևաբար ուղղված էին նաև արտաքին լսարանին։ Եվ ասես հապացույց «չմիջամտելու քաղաքականության»` հինգ երկրներն անվտանգության համաձայնագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը, որով նրանք այժմ, իբր, համագործակցելու են, ընդգծում է, որ մասնակիցներն իրենց ուժերով պետք է ապահովեն Կասպիականի անվտանգությունը։ Համենայն դեպս, ինչպես հայտարարվում է, փաստաթուղթն «ուղղված է տարածաշրջանում նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ և առափնյա երկրների փոխգործակցության, անդրազգային հանցավորության, ահաբեկչության, զանգվածային բնա-ջնջման զենքի տարածման, թմրանյութերի անօրինական շրջանառության, որսագողության դեմ պայքարելու նպատակ է հետապնդում»։ Նկատենք, որ մինչև այժմ տարածաշրջանում ռազմածովային նավատորմ ունեին միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, իսկ ներկայումս ռազմածովային ուժեր են ստեղծել Ղազախստանը, մասամբ` Իրանը, այժմ նաև Թուրքմենստանը։ Դրանում շատ եռանդուն մասնակցություն են ունենում նաև մի շարք օտարերկրյա տերություններ, մասնավորապես ԱՄՆ-ը նպաստում է տորմիղների նախապատրաստմանը Ղազախստանի և Ադրբեջանի համար։ Եվ դա չնայած այն բանին, որ «ռուսաստանյան վարկածի» համաձայն, Կասպիականի վերաբերյալ համաձայնագրերում պետք է գրանցվի, որ այնտեղ արգելվում է օտարերկրյա պետությունների ռազմական ուժեր տեղաբաշխելը։
Է՛լ ավելի մեծ անհամաձայնություն կարելի է նկատել բանակցությունների հիմնական նյութի` Կասպիականում սահմանագծման հարցում։ Ռուսաստանը, նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի խոսքերով, հանդես եկավ համապարփակ իրավական նորմերն ամրագրելու օգտին, որոնք ընդգրկում են ամբողջ Կասպից ծովի ջրատարածքի սահմանագծումը և սահմանում Կասպիականում ռազմական գործունեության, ռազմական ծովագնացության սկզբունքները, ծովի հատակով անդրկասպյան խողովակաշարեր գցելու պայմանները, Կասպից ծովից տարանցումը համաշխարհային օվկիանոս և հետ, այդ թվում` ՌԴ-ի ներքին ջրերով։ Որոշվեց առաջիկա երեք ամսում համաձայնեցնել ազգային գոտիների լայնությունը Կասպից ծովում` ելնելով ընդամենը 24-25 մղոն մեծությունից։ Հայտարարվեց, որ «ազգային գոտիների, փաստորեն, մերձկասպյան երկրների տարածքային ջրերի մասին համաձայնագրի ձեռքբերումը շատ լուրջ ճեղքում կլինի Կասպից ծովի կարգավիճակի ամբողջ հարցի համաձայնեցման գործում»։ Եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա առափնյա գոտիներն էլ կդառնան կողմնորոշիչներ` ծովի հատակի հետագա բաժանման համար։ Դա կնշանակի վերջնականապես հրաժարվել ամբողջ Կասպիականն ազգային հատվածների բաժանելու գաղափարից, ինչին, օրինակ, սկզբնապես ձգտում էր հասնել Բաքուն։ Այժմ ինչպե՞ս կհարաբերակցվեն բոլոր այդ «սենսացիոն ճեղքումները» Ադրբեջանի գործողությունների հետ։ Չէ՞ որ դեռևս, չնայած հարևանների դժգոհությանը, նա միակողմանիորեն շարունակում է մշակել «Խազար» և «Օսման» (ադրբեջանական տարբերակով «Ազերի» և «Չըրաղ») հանքավայրերը։ Ընդ որում, այդ հանքախմբին է բաժին ընկնում նավթի հանույթի հիմնական ծավալն Ադրբեջանում։ Հիշեցնենք, որ վիճելի հանքավայրերը գտնվում են ավելի մոտ Թուրքմենստանի ծովափին, և մինչև վերջերս դրանք գրեթե ռազմական գործողությունների պատճառ կարող էին դառնալ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե որևէ մեկը որոշի ծովի հատակով խողովակաշար գցելու աշխատանքներ սկսել մինչև դրա բաժանումը։ Տեսականորեն այստեղ էլ գոյություն ունի հիմնախնդրի ուժային լուծման տարբերակ։ Թեպետ փորձագետները կասկածում են, որ Ռուսաստանը` գլխավոր «բողոքականը», դիմի այդչափ կտրուկ գործողությունների, և արդյոք նա կարո՞ղ է, օրինակ, ոչնչացնել արդյունահանման հարթակները։ Փորձագետները, այդ թվում` ռուսաստանցիք, համարում են` «հազիվ թե»։ Եվ ոչ այն պատճառով, որ որևէ մեկը դեռևս կարող է ռազմական ուժով նրա հետ մրցակցել Կասպիականում, այլ Արևմուտքի հետ հարաբերությունները ներկայումս սրել չցանկանալու պատճառով, որի շահերն այստեղ բավականին ակներև են։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, ներկայումս ռազմական գործողությունների համար Ռուսաստանի քաղաքական կամքը չի բավականացնի։ Նա կարող է բավական արագ համաձայնել Կասպիականի հատակի բաժանմանը, որի հետևանքով Թուրքմենիան իր գազամուղը կձգի մինչև Ադրբեջան և այնտեղից Եվրոպա, ինչն ակներևաբար չես ասի Իրանի մասին։ Ասենք սրանք առայժմ սոսկ տեսություններ են։
Այդուհանդերձ, արդյոք կարելի՞ է ասել, որ երկրները Բաքվում փոխադարձ զիջումների դիմեցին և որոշեցին համերաշխ ապրել։ Դմիտրի Մեդվեդևն արտահայտվեց այն ոգով, թե Կասպիականի հիմնախնդիրը կարելի է լուծել արդեն մեկ տարի անց, և գործընթացը շարժվում է դեպի եզրափակում։ Բայց, ինչպես երևում է, բարի ցանկությունների և կասպյան իրողությունների միջև դեռևս հսկայական անջրպետ կա։ Տակավին չի կարելի բացառել, որ, խաղաղության և համագործակցության մասին բոլոր հայտարարություններին հակառակ Կասպիականը «խաղաղության գոտու» վերածելու գաղափարը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև, ամենայն հավանականությամբ, իրավիճակը կզարգանա լարվածության սաստկացման ուղիով։ Առավել ևս, որ, չնայած Կրեմլի բոլոր պնդումներին, թե հարցերն անհրաժեշտ է լուծել սեփական ջանքերով, Կասպիականում իրենց շահերն ունեն նաև նրանից հեռու ընկած երկրները, օրինակ, ԱՄՆ-ը, Չինաստանը, Եվրոպան։ Նրանք նույնպես կցանկանային ազդեցություն գործել տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա, մասնավորապես, Ռուսաստանի և Իրանի ճնշումից «պաշտպանել» Ադրբեջանին, Թուրքմենիան և Ղազախստանը։ Եվ, դատելով ըստ ամենայնի, իրենց այդ ցանկությունից հեշտությամբ և արագ հրաժարվելու մտադրություն բնավ չունեն։ Այնպես որ, ամենից հավանական է, որ այժմ Բաքվի գագաթնաժողովից հետո էլ հարցերն ակնհայտորեն չեն նվազել։ Ի դեպ, ղեկավարները նաև պայմանավորվել են տարեկան մեկ հանդիպում անցկացնել բարձրագույն մակարդակով և առնվազն խորհրդակցությունների հինգ փուլ` փորձագետների մակարդակով։ Արդեն որոշված է, որ կասպյան հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2011-ին` Ռուսաստանում, իսկ թե այն ինչով կավարտվի, դեռևս պարզ չէ, թեև չի բացառվում, որ «Կասպիականում արյան հոտ է փչում» բառերը դեռևս չեն հնացել։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ